Մենք չենք կարող այս կամ այն դաշնակից երկրին ստիպել, որ իր շահերից բխող գործարք չկնքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հերթական անգամ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը:
«Մենք ՌԴ-ի հետ ունենք մեր երկկողմ հարաբերությունները, ռազմավարական համագործակցություն է զարգանում, դրա շրջանակում բերվում է լավագույն սպառազինումն ու տեխնիկան», - հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը լրջորեն զբաղվում է ռազմարդյունաբերության հարցով: «Հայաստանը նույնպես»,- հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հավելելով, որ զուգահեռ ուժեղացվում եւ արդիականացվում է ռուսական 102-րդ ռազմակայանը:
Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդում առաջին անգամ հաստատվել է ժամանակակից սպառազինման եւ տեխնիկայի ներկրման ծրագիրը: «Անհանգստանալու առիթ չկա, պարզապես պետք է հիշել, որ բարդ տարածաշրջանում ենք ապրում: Ալիեւի վարչակազմի անկանխատեսելի հայտարարությունների եւ գործողությունների պայմաններում դրան ոչ թե հումորով է պետք վերաբերվել, այլ ամենայն լրջությամբ: Դա ռազմական ենթակառույցների ամենօրյա կատարելագործում է ենթադրում, ինչով էլ մենք զբաղվում ենք», - հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Նա նաեւ հիշեցրել է ռուսական կողմի հետ ստորագրված փաստաթղթերը, որոնք ուղղված են Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























