Ադրբեջանի ընդդիմությունը դիմել է Միլի Մեջլիսին, Սահմանադրական դատարանին, ԿԸՀ-ին, Գերագույն դատարանին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով հետաքննել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գործունեությունը: Դիմումում նշվում է, որ արեւմտյան լրատվամիջոցներում Ալիեւի անունը վաղուց է շրջանառում՝ կապված կոռուպցիոն սկանդալների հետ:
Խոսքը, մասնավորապես, նրա կողմից Դուբայում 75 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու մասին է, հաղորդում է Haqqin.az-ը: Այդ մասին 2010թ գրել է Washington Post պարբերականը: Ընդ որում, պարբերականն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է մի քանի հարյուր հազաքր դոլար:
Դիմումում հիշատակվում է CNBC հեռուստաալիքի ռեպորտաժը՝ Ադրբեջանի իշխանական կառույցներում տիրող կոռուպցիոն վիճակի մասին:
«Հաշվի առնելով այդ ամենը, Ազգային խորհուրդը կոչ է անում համապատասխան մարմիններին հետաքննություն սկսել Ալիեւի գործունեության նկատմամբ, ինչպես նաեւ հեռացնել նրան իշխանությունից»,-ասվում է դիմումում:
Դիմումի պատճեններն ուղարկվել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին, ԱՊՀ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին:
Իլհամ Ալիեւի գործունեության հետաքննության պահանջն առաջադրվել է երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի կունենան աշնան: Այդ ընտրություններում ընդդիմությունն արդեն առաջադրել է ընդհանուր թեկնածուի՝ Ռուստա Իբրահիմբեկովին: 3-րդ անգամ առաջադրվել է նաեւ ինքը Ալիեւը:





























