Ես հպարտ եմ, որ անկախ Հայաստանում ինձ վիճակվել է, իբրեւ նախարար, հինգ տարի կառավարել հսկայական այդ ոլորտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով ժամանակին աշխատել է նաեւ որպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:
Նա շեշտեց, որ իր աշխատանքի գնահատականը տվել եւ այսօր էլ տալիս են համակարգի ղեկավար-շարքային հազարավոր աշխատողներ, ինչը իրեն լիովին բավարարում է: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե նրան շուտով կհարցաքննեն Խաչիկյանի գործի շրջանակներում եւ դժվար թե առանց համաձայնության կամ նրանց բաժին հանելու վերջինս նման չարաշահումներ թույլ տար, ապա Աղվան Վարդանյանն ասաց, որ այդ նյութում փաստական լիքը սխալներ կան:
«Ես գիտեմ` որտեղից են իջեցվում այդ կարգի նյութերը, գիտեմ` ովքեր են նյարդայնանում իմ քաղաքական դիրքորոշումներից: Ոչինչ, կդիմանան: Նրանք պետք է հասկանան` իրենք կորցնելու բան ունեն, ես` չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նաեւ հավելեց, որ իբրեւ քաղաքացի` պատրաստ է որտեղ որ հարկն է պատասխանել հնարովի բոլոր մեղադրանքներին:
Նշենք, որ «Ժամանակի» տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր։ Իսկ սոցիալական ապահովության ծառայությունը , որն այն ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար։ Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները վեր հանեն Ա. Վարդանյանի հետ կապված եւ մոռացության մատնված գործերը՝ ցույց տալու համար, որ ժամանակին ՀՀԿ-ի հետ միասին թալանել է նաեւ ՀՅԴ-ն»,- գրում է «Ժամանակը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























