Ուղեւորափոխադրող ընկերությունները ինքնակամ չեն կարող բարձրացնել ուղեւորափոխադրման սակագինը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ սակագների սահմանման եւ փոփոխման հարցը կարգավորվում է «Տրանսպորտի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության թիվ 762 որոշմամբ:

Մասնավորապես՝ ուղեւորափոխադրման սակագինը որոշվում է երթուղու սպասարկման իրավունքի տրման հետ միաժամանակ: Փոխադրողն ինքն է որոշում երթուղու գինը, ու երբ փոխադրողը հաղթող է ճանաչվում տվյալ երթուղու համար մրցույթում, այդ ժամանակ էլ հրապարակվում է երթուղու համար նախօրոք որոշված գինը:

Եթե այնուհետ փոխադրողը որոշում է փոփոխել սակագինը՝ պետք է դիմի երթուղային ցանց ձեւավորող համապատասխան պետական մարմնին: Քաղաքներում դա քաղաքապետարաններն են, մարզերի ներսում՝ մարզպետարանները, իսկ տրանսպորտի նախարարությունը ձեւավորում է միայն միջմարզային եւ միջպետական երթուղային ցանցերը;

Առայսօր, ըստ Դ. Մելքոնյանի, որեւէ փոխադրող իրենց չի դիմել միջմարզային եւ միջպետական երթուղիների սակագները վերանայելու հարցով: Թեե Դ. Մելքոնյանն ընդունեց, որ ԱԳԼՃԿ-երում վառելիքը թանկացել է, ու փոխադրողների մոտ կարող է ցանկություն առաջանալ սակագինը բարձրացնել: Սակայն եթե նրանք դա անեն ինքնուրույն, առանց թույլտվության, ապա կզգուշացվեն, կենթարկվեն վարչական պատասխանատվության, խախտումը չվերացնելու պարագայում նրանցից ետ կվերցվի երթուղու սպասարկման իրավունքը:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հաղորդվել այն մասին, որ միջմարզային որոշ ուղեւորափոխադրումներ այսօրվանից թանկացել են: