Սիրիական ընդդիմությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երկու կողմերին Ռամադանի ընթացքում հրադադարի ապահովման կոչին պատասխանել է Դամասկոսում եւ Հոմսում ահաբեկչություններ իրականացնելով:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը, քաղաքացիներից մեկը վիրավորվել է Դամասկոսի Կաֆր-Սուսա թաղամասում՝ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում: Միաժամանակ սակրավորները Դամասկոսի Ալ-Մալկի թաղամասում կանխել են ահաբեկիչների՝ պայթուցիկ սարքը գործի դնելու փորձը: Սակայն ահաբեկչություն իրականացվել է Դամասկոսի Նախագահի կամուրջ շրջանում: Արդյունքում վիրավորվել է 3 մարդ, պատճառվել է մեծ նյութական վնաս: Ինքնագործ պայթուցիկ սարք է պայթեցվել նաեւ Ալ-Վուրուդ թաղամասում:

Հոմս քաղաքի Աքրամա բնակելի թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 40 քաղաքացի: Ահաբեկչության զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ: Խիտ բնակեցված շրջանում ահաբեկիչները պայթեցրել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր պարունակող 2 ավտոմեքենա: