Եգիպտոսի սալաֆիական շարժման քաղաքական թեւը՝ «Ան-Նուր» կուսակցությունը, ապագա կառավարությունում  վարչապետի պաշտոնի համար առաջարկել է ֆինանսների  նախկին նախարար Սամիր Ռադվանին:

«Ան-Նուր»-ի պաշտոնական ներկայացուցիչ Նադիր Բաքարն իր Twitter-ում գրել է, որ Ռադվանը լավ տնտեսագետ է՝ նախարարի եւ կառավարությունում աշխատանքի փորձով:

Եգիպտոսի ապագա ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածության վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը ոչ մի կերպ չի կարողանում ընտրել թեկնածուներից ամենաարժանավորին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արաբական աշխարհում տնտեսության եւ ֆինանսների հայտնի մասնագետ Ռադվանը Եգիպտոսի ֆինանսների նախարարությունը գլխավորում էր Ահմեդ Շաֆիկի կառավարությւոնում՝ 2011թ. սկզբին, նա աշխատել է նաեւ Իսամ Շարիֆի կառավարությունում: Ռադվանը Կահիրեի համալսարանի տնտեսության եւ քաղաքականության ֆակուլտետի շրջանավարտ է, ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնում: