Հայաստանում գնաճը ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հարաբերակցությամբ, հասել է 6,5 տոկոսի: Հատկապես տագնապալի է սոցիալական նշանակության ապրանքների եւ ծառայությունների՝ միջինը 9,0%,  եւ բուժծառայությունների ու դեղերի՝ 12,6%, թանկացման փաստը:

Դիտարկենք մի շարք ապրանքների մանրածախ գների դինամիկան.

Այսպես, խնձորի մանրածախ գինը մայրաքաղաքային շուկայում աճել է 45,0%-ով: Ծիրանի գինը հունիսին աննշան է թանկացել՝ 2,9%: Դեղձի առաջին խմբաքանակները հունիսին առաջարկվել են նախորդ տարվանից 25,1% ցածր սակագնով:

Նոր կարտոֆիլը միջինը թանկացել է 25,4 դրամով կամ 13,8%-ով:

Սոխը մայրաքաղաքում թանկացել է 13,9%-ով, սխտորը՝ 45,9%-ով: Հիշեցնենք, 2012թ. Հայաստան 8,1 հազար տոննայից ավելի սոխ ու սխտոր էր ներկրվել, իսկ Հայաստանի  բերքը 56,8 հազար տոննայից ոչ պակաս է եղել: Բանջարեղենի մակարդակում ապրանքայնության աստիճանը նախորդ տարի շուրջ 71% է կազմել:

Եթե այս ընդհանուր գործակիցը օգտագործվի, կստացվի, որ սոխ ու սխտորի ներկրումը  մոտ 17% է կազմել:

Մայրաքաղաքում բարձրորակ հացի միջին գինը աճել է 33,6 դրամով՝ 1 կգ-ի համար, կամ  7,2%-ով:  Կտրուկ թանկացել են մակարոնն (17,8%) ու վերմիշելը (17,6%):

Թարմ կաթի գինը  20,0%-ով  աճել է, տարբեր կաթնամթերքներինը՝ 12,3%-ից 20,4%:

Պանրի տեսակների գները եւս աճել են երկնիշ թվերով՝   «Չանախ»՝ 15,1%, «Լոռի»՝ 17,4%:

Նմանատիպ իրավիճակ է ընտանի թռչունների թռչնամսի շուկայում: Նախորդ տարվա տվյալներով՝ նման թռչնամսի ներկրումը կազմել է 33,6 հազար տոննա: Գաղտնիք չէ, որ հենց ներկրված «բդերի» էժանությունն է լայն սպառում ապահովում: Դրանք մեկ տարում թանկացել են 20,8%-ով՝ մեկ հինգերորդով: Գրեթե նույն չափով  (20,6%) աճել է հավկիթի գինը:

Մեր եղանակային պայմանների հետ բնավ կապ չունի արեւադարձային եւ մերձարեւադարձային մրգերի թանկացումը՝ նարինջ (11,6%), կիտրոն (26,7%) եւ  բանան (12,5%):

Հայաստանում հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների ծառայությունների գներն աճել են  21,8 հազար դրամով կամ 14,8%-ով:

Գնաճի ցածր տեմպերով առանձնացել է «բնակվարձ, վառելիք, էլեկտրաէներգիա» խումբը (միջինը 0,5%), իսկ ահա տրանսպորտի գծով ընդհանրապես հազվագյուտ բան է գրանցվել 0,6% գնանկում:  Սակայն հուլիսին պատկերը կփոխվի: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից բացի տրանսպորտի ուղեվարձի թանկացւմ է սպասվում: