Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած, ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երկու օր է` արդեն գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը:

Նա նշեց, որ վերջինս 2 օր առաջ մեկնել է ԼՂՀ` զորքի մոտ, բայց ոչ թե վերադարձել է ծառայության, այլ պարզապես գնացել է, որ տեսնի, թե այնտեղ ինչ վիճակ է, «ինչ կա-չկա, հանձնարարականներ տա»: Նա այժմ գտնվում է 20օրյա հետբուժական արձակուրդի մեջ:

«Առողջական վիճակը թույլ չի տալիս, ասում է` ստիպված եմ գնում: Դեռ ցավեր ունի,պետք է հետ գա, կարգավորվի, բայց չգիտեմ` երբ կվերադառնա».- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Նա նշեց, որ որդու հետ չի խոսում միջադեպից, այդ թեմայով միայն փաստաբանի հետ է խոսում: Արտակ Բուդաղյանը ցանկություն չունի նաեւ լրատվամիջոցներին որեւէ բան պատմել:

Արտակ Բուդաղյանին` մեղադրյալ ճանաչելու մասին որոշումը, Բուդաղյանների համար անսպասելի էր: «Փոխանակ տուժող ճանաչեն, մեղադրվող են ճանաչում: Ձերբակալում չի լինի, բայց դե դրանցից ամեն ինչ սպասելի է»,- ասաց Էմիլ Բուդաղյանը` հավելելով, որ ուղղորդված քննություն է ընթանում  հօգուտ նախկին մարզպետի:

Նրանք առայժմ սպասում են, թե ինչ կլինի իրավական գործընթացը եւ  իրենց քայլերը եւս բացառապես իրավական դաշտում են լինելու, բողոքարկելու են որոշումը:

Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվելՔր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին  Զիլֆուղարյանը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: