Օգոստոսի 1-ից ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ արձանագրած ընկերությունները կզրկվեն պետգնումներին մասնակցվելու իրավունքից; ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 10-ին որոշեց փոփոխել իր նախկին որոշումներից մեկը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ արդեն երկրորդ տարին է՝ պահանջում են օրենքի պահանջը կատարել: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ աուդիտի եզրակացությունների հիման վրա ընկերությունը կարող է ոչ միայն զրկվել պետգնումներին մասնակցելու իրավունքից, ինչը առաջին անգամ է սահմանվում, այլեւ պետեկամուտների կոմիտեում կհայտնվի բարձր ռիսկային գոտում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ հուլիսի 1-ի դրությամբ խոշոր ընկերությունները պարտավոր էին azdarar.am կայքում հրապարակել աուդիտի եզրակացությունը, սակայն 1 կամ 2 այդպիսի հրապարակում կա: Տ. Սարգսյանը հայտարարեց, որ հանրությունը պետք է իմանա, որ աուդիտի եզրակացություն չներկայացնող խոշոր ընկերություններն ունեն խնդիրներ:

Նշենք, որ 2012 թ.-ից պարտադիր արտաքին աուդիտ պետք է անցնեն 1 մլրդ դրամից ավելի հասույթ կամ ակտիվներ ունեցող ընկերությունները; Ըստ որոշ գնահատականների՝ նման ընկերությունների թիվը գերազանցում է 800-ը: