Ազգային  անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետ Կարեն Մակարյանի  գողացված «Նիվա» մակնիշի մեքենան արդեն բերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  հուլիսի 9-ին ժամը 21.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ավտոմեքենան փախցնելու կասկածանքով բերման են ենթարկվել 28-ամյա Դավիթ Դալաքյանը եւ 25-ամյա Արկադյա Հայրապետյանը:

Պարզվել է, որ հուլիսի 3-ին  ժամը  02.00-ի սահմաններում նրանք, ավտոմեքենայի դռան փականը բացելով, Վեդի քաղաքի Թումանյան փողոցից փախցրել են այն եւ ապամոնտաժելու եւ դետալները վաճառելու նպատակով տարել են ԼՂՀ Ստեփանակերտ քաղաք:

Նշված ավտոմեքենան սարքին վիճակում` առանց համարանիշների, հայտնաբերվել է Ստեփանակերտում` գերեզմանոցին հարող հրապարակում: Մեքենայի համարանիշները հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ: 28-ամյա Դավիթ Դալաքյանը եւ 25-ամյա Արկադյա Հայրապետյանը ձերբակալվել են: Մեր տեղեկություններով` նրանք երկուսն էլ ապրում են Գորիս քաղաքում: Մեքենան դեռ չի վերադարձվել Արարատի ԱԱԾ-ի պետին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային  անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետ Կարեն Մակարյանի  գողացված «Նիվա» մակնիշի մեքենան հայտնաբերվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողություն):

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե հուլիսի 5-ին, ժամը 12-ին, Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Թերթի  տեղեկություններով, հենց Կ. Մակարյանի գերատեսչության «տղաներն» են զբաղվել հայտնի «դիզվառելիքի գործով», նրանք են մտել գյուղերը, հանդիպել-խոսել գյուղացիների հետ, «ուսումնասիրել» ցանքատարածքները եւ այլն: