NEWS.am-ը ներկայացնում է «Al Jazeera»-ի կայքում հրապարկաված ամերիկացի նախկին դիվանագետ, մարդու իրավունքների ոլորտում ակտիվիստ Ռեբեկա Վենսենտի հոդվածը որոշակի կրճատումներով.
Այն դեպքում, երբ Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, իշխանությունները, կարծես ավելի վճռականորեն են սահմանափակում քաղաքացիների տեղեկատվություն ստանալու հնարավորությունները` երկրի ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, համացանցի սահմանափակման, քննադատական տեսակետ արտահայտող լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքի միջոցով: Հիմա արդեն սահմանափակվում է նաեւ երկրի սահմաններից դուրս հեռարձակվող հաղորդումների հասանելիությունը ադրբեջանցիների համար: Արտասահմանյան որոշ լրատվամիջոցների հեռարձակման հարցում միտումնավոր խոչընդոտներ են արձանագրվել, ինչը ոչ միայն հեռահաղորդակցության միջազգային կանոնների, այլեւ մարդու իրավունքների խախտում է:2009 թ-ից օտարերկրյա հեռարձակողները զրկվել են ազգային հաճախականություններից օգտվելու հնարավորությունից, ինչի արդյունքում «BBC»-ի ադրբեջանական ծառայությունը, «Ազատություն» (RFE/RL) ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը» զրկվեցին եթերից:
Արդյունքում շատ ադրբեջանցիներ ծանոթանում են միայն իրադարձությունների պաշտոնական տարբերակին, երբ հիմնականում լուսաբանվում է նախագահ Իլհամ Ալիեւի եւ տիկին Մեհրիբան Ալիեւայի գործունեությունը, աստվածացվում է հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը, ինչպես նաեւ խեղաթյուրված են ներկայացվում նշանակալի իրադարձությունները, ինչպես օրինակ հակակառավարական բողոքի ակցիաները կամ քաղբանտարկյալների նկատմամբ դատաքննությունը:
Երկրի ներսում անկախ հեռարձակման բացակայությունն ավելի կարեւոր է դարձնում երկրի սահմաններից դուրս արբանյակային հեռարձակումը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ ունենալ:Կորցնելով ազգային հաճախականություններով հեռարձակվելու հնարավորությունը, «Ազատություն» ռադիոկայանը շարունակել է ադրբեջաներենով տեղեկությունների տարածումը համացանցում, եւ նորությունների ամենօրյա ծրագիրը հեռարձակել է արբանյակի միջոցով: Սակայն հիմա դա էլ է սպառնալիքի տակ, եւ հունիսին ռադիոկայնը հայտարարել էր արբանյակային հեռարձակման համար խոչընդոտների ստեղծման որոշ դեպքերի մասին:Էլեկտրակապի միջազգային միությունը, որի անդամ է նաեւ Ադրբեջանը, արգելում է հեռարձակման հարցում խոչընդոտների ստեղծումը: Նման խոչընդոտները նաեւ դիտարկվում են որպես մարդու իրավունքների խախտում, որը Ադրբեջանը պարտավորվել է հարգել` վավերեցնելով մի շարք միջազգային եւ տարածաշրջանային պայմանագրեր ու կոնվենցիաներ:
Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների արբանյակային հեռարձակման արգելումը նաեւ բացասաբար է ազդում հոկտեմբերին նախագահական ընտրությունները միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու հնարավորությունների վրա: Եթե քաղաքացիները հնարավորություն չունեն տեղեկատվություն ստանալ իրենց երկում իրական իրավիճակի մասին, եւ տարբեր քաղաքական հայացքները նրանց չեն հասնում, ապա ընտրական գործընթացը չի կարելի համարել ազատ եւ արդար:Մինչ օրս միջազգային հանրությունը լռություն է պահպանում այս հարցում, թեեւ ԱՄՆ պետքասրտուղարությունը հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները վճռականորեն պաշտպանում է լրատվամիջոցների եւ կարծիքիների ազատությունը Ադրբեջանում»:
Սակայն այն, որ ադրբեջանական կառավարությունը հերթական անգամ անտեսում է իր միջազգային պարտավորությունները եւ օգտագործում է նոր մարտավարություն` իր քննադատներին լռեցնելու համար, հնարավոր է, եւս մեկ անհարմար ճշմարտություն է խնդիրների այն երկար շարքում, որոնք, միտումնավոր կանտեսվեն` խուսափելու համար ավելի ռեպրեսիվ դարձող ռեժիմի հետ էներգետիկայի եւ անվտանգության ոլորտում հարաբերությունների խզումից:





























