Գազի գնի բարձրացումը որեւէ կերպ չի անդրադառնալու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիների քանակի կամ գործունեության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ այդ բարեգործական երթուղիները գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունն ու կարիքն ունի ազգաբնակչությունը

Ինչ վերաբերում է «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի այն ձեւակերպմանը, թե դա ոչ թե բարեգործություն է, այլ չարագործություն, ապա Իվետա Տոնոյանը խնդրեց այդ հարցի պատասխանը ստանալ  բոլոր այն քաղաքների հարյուրավոր բնակիչներից, ովքեր յուրաքանչյուր օր օգտվում են բարեգործական երթուղիների աշխատանքից, քանի որ եթե երթուղիները շարունակում են գործել, ուրեմն կա դրանց ամենօրյա անհրաժեշտությունը: «Այս դեպքում ավելացնելու քիչ բան է մնում՝ պարզապես պետք է կարողանալ վեր կանգնել անձնական շահերից, գնահատել այն ահռելի աշխատանքը, որն արվում է եւ չփորձել բարեգործության մեջ ենթատեքստեր որոնել, քանի որ դա հեռու է ողջախոհության բոլոր հնարավոր ու անհնարին սահմաններից»,- շեշտեց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) չի սիրում «բարգավաճ» բառը եւ չի ցանկանում խոսել իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին, որոնք, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, լարված են:

Գագիկ Ծառուկյանի սանիկն ասել է, որ իր երթուղին նոր ավտոբուսներով համալրելը ոչ մեկի դեմ չի անում, անում է ի շահ բնակչության: Իսկ թե Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն այլեւս «Քինգ Դելյուքսի» աշխատանքին չե՞ն խոչընդոտում, Արթուր Հարությունյանը արձագանքել էր. «Դուք էդ հարցի պատասխանը կարաք փողոցներում նայեք, ինքներդ դատեք: Ընդհանրապես բառերը ճիշտ ձեւակերպենք՝ դա բարեգործություն չի, դա չարագործություն է»: Իսկ Գագիկ Ծառուկյանը չարագործությամբ է զբաղված, թե ոչ, ապա Արթուր Հարությունյանն ասել է, որ ինքը պրովոկացիոն հարցերի չի պատասխանում: