Մոսկվայում Russia Today-ի աշխատակցուհին, հետիոտնի անցման վայրում հայտնվել է ջիպի անիվների տակ: Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել տուժածին եւ նստեցրել իր մեքենան՝ չսպասելով «շտապօգնության» գալուն:
Աղջիկը խմբագրության դիմաց անցելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Միջադեպի մասին իր միկրոբլոգում գրել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
@M_Simonyan. «RT-ի գրասենյակի դիմաց մեքենան վրաերթի է ենթարկել մեր աշխատակցուհուն, հենց հետիոտնի համար նախատեսված անցումում, օրը ցերեկով: Փառք Աստո, նա ողջ է, հրաշք է, որ կոտրվածքներ չունի»:
Վթարը տեսագրվել է անվտանգության տեսախցիկներով: Կադրերում երեւում է, թե ինչպես Russia Today-ի աշխատակցուհին անցնում է եւ չի տեսնում արտասահմանյան ավտոմեքենան, իսկ վարորդը չի էլ փորձում արգելակել: Արդյունքում աղջիկը ընկնում է մեքենայի կապոտի վրա, գլուխկոնծի տալիս եւ ընկնում ասֆալտի վրա, հաղորդում է НТВ-ն:
@M_Simonyan. «Վարորդը փորձել է տանել նրան, քարշ է տվել դեպի իր մեքենան, թեեւ խստիվ արգելվում է դիպչել մարդուն մինչեւ «շտապօգնության ժամանելը, քանի որ հնարավոր է վնասված լինի ողնաշարը»:
Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ խմբագրությունը հասնելու է վարորդի արդար պատժին:











