Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արձագանքել է ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին: 

Ցավոք՝ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը աղավաղել է Վ. Թուփուզյանի մտքերը, ու ըստ էության՝ հաստատել նրա մեղադրանքները:

Այսպես՝ Վ. Թոփուզյանը հայտարարել է, թե հայկական դեղագործական ընկերութունները՝ չստանալով GMP սերտիֆիկատ, ավտոմատ հայտնվում են անօրինական դաշտում, ու  նրանցից ցանկացած պահի կարող են ետ վերցնել լիցենզիան: Իսկ առողջապահության նախարարությունը հիմք է վերցրել հայտարարության աղավաղված ձեւը, իբր՝ Վ. Թոփուզյանն ասել է, թե դեղ արտադրող ընկերություններից որեւէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն եւ չի կարողանում ստանալ GMP լիցենզիա։ Բնականաբար՝ նախարարությունը պնդել է, թե բոլոր դեղ արտադրողները լիցենզիա ունեն, ինչը սակայն, հարգարժան պրոֆեսորի ասածներին չի հակասում:

Այնուհետ նախարարությունը նշել է, թե շուտով կառավարությունը կհաստատի պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրման կարգը: Ու դրանից հետո երեք ընկերություններ կդիմեն GMP հավաստագիր ստանալու հայտով: Այսինքն՝ նախարարությունը հաստատում է, որ ոչ մի ընկերություն չունի GMP սերտիֆիկատ, ու նաեւ՝ որ նույնիսկ դրա տրամադրման կարգ էլ չկա: Այնինչ՝ GMP սերտիֆիկատները, կառավարության որոշման համաձայն, պետք է տրվեին 2013 թ. հունվարի 1-ից:

Այսպիսով՝ առողջապահության նախարարությունը ոչ միայն չի հերքել, այլեւ հաստատել է Վ. Թոփուզյանի բոլոր հայտարարությունները:

NEWS.am-ը փորձեց այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաեւ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանից, սակայն նա հրաժարվեց հեռախոսով մեկնաբանությունից, հընթացս չթաքցնելով վրդովմունքը Վ. Թոփուզյանի նկատմամբ: Այնինչ՝ վերջինս արտահայտում էր ոչ միայն իր, այլեւ բազմաթիվ դեղագործների դժգոհությունը:

Կարծում ենք՝ այս ոլորտում կառավարության քայլերը իսկապես էլ որոշ խառնաշփոթ են ստեղծել: