Հայաստանի քաղաքական դիրքորոշումը չի փոխվել, մենք միշտ հայտարարել ենք, որ Մաքսային միության եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական գործընթացները համարում ենք իրար փոխլրացնող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե շարունակո՞ւմ է համարել, որ ԵՄ-ն ու Մաքսային միությունը չեն հակասում միմյանց:
«Ինչ վերաբերում է փաստաթղթերին, այո, դրանցում կարող են լինել կետեր, որոնք կարող են հակասել իրար, եւ դա բնական է: Դա ենթադրում է, որ մենք պետք է կարողանանք հարթել այդ բացթողումները բանակցությունների միջոցով»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը իր առջեւ նպատակ է դրել դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, եւ այդ առումով երկիրը չի կարող միայն մեկ ռազմավարական գործընկեր ունենալ: «Մեր գործընկերները շատ լավ հասկանում են մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ գործողությունների տրամաբանությունը: Մենք բաց ու հրապարակային ենք եղել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ, հետեւաբար մեր որոշման պատճառները նրանց հայտնի են: Այլ հարց է, որ կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ պետք է նախապատվությունը տալ եվրոպական, ոչ թե եվրասիական ինտեգրմանը: Կարելի է տասնյակ կողմ կամ դեմ փաստարկներ բերել, բայց մեր նպատակն է շարունակել այդ գործընթացները»,-ասել է վարչապետը:




























