Այսօր՝ հոկտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մի խումբ մասնագետներ`ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ։

ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնագետները քննարկեցին ԱԻՆ «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրները։

Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նշեց, որ դեռ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայանը հանձնվել է ԱԻ նախարարությանը։ «Այսօր դժվար է Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկերացնել առանց ավիացիայի։ Ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքներում` անտառային հրդեհներ, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհներ, ավիացիան անհրաժեշտ է այլ երկրներ մեկնելու եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Մենք նախատեսում ենք փոքր ավիացիան օգտագործել նաեւ հակակարկտային միջոցառումների շարքում։ Ստեփանավանի օդանավակայանում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները. ցանկապատվում է տարածքը, հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, թռիչքուղին եւ իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար», - ասել է ԱԻ նախարարը։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր խոսքում նշել է. «Ողջունում ենք Հայաստանում պետական ավիացիայի զարգացմանն ուղղված ձեր այս նախաձեռնությունը։ Ես եւ իմ գործընկերները պատրաստ ենք լսել ձեր ծրագրերը, անելիքները եւ անշուշտ անել մեր առաջարկները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքին եւ թռիչքուղուն ներկայացվող պահանջների, օդանավակայանի նավիգացիայի եւ նավիգացիոն սարքավորումների, ինքնաթիռների տեսակների հետ կապված խնդիրները։