Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել NEWS.am-ի կայքում հրապարակված «Բավրայի մաքսատանը Վրաստանի քաղաքացուց 2,2 միլիոն դրամ են պահանջել մեքենան հետ վերադարձնելու համար» հոդվածի վերաբերյալ: ՊԵԿ պարզաբանման մեջ ասվում է «NEWS.am կայքի հոկտեմբերի 25-ի «Բավրայի մաքսատանը Վրաստանի քաղաքացուց 2,2 միլիոն դրամ են պահանջել մեքենան հետ վերադարձնելու համար» հրապարակման առնչությամբ ստիպված ենք կրկին անգամ անդրադառնալ թեմային եւ տեղեկացնել, որ չէր կարող Բավրայի մաքսակետի պետ Արթուր Կարապետյանը Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանին գումարի մուծման պահանջ ներկայացնել, քանի որ այլ անձի կողմից մաքսային որեւէ մարմին գումարի վճարման արդյունքում մաքսային ձեւակերպումների կասեցումը չէր կարող վերանալ, նկատի ունենալով այն փաստը, որ նշված մեքենայի մաքսային ձեւակերպումների կասեցումը կատարվել է ԴԱՀԿ ծառայության կողմից: Միեւնույն ժամանակ, ավելորդ չենք համարում նշել, որ սահմանային անցակետերում են կիրարկվում ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից ընդունված որոշումները»:
Այնինչ` ԴԱՀԿ ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ պարտապանին պատկանող եւ բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոցներ առկա չեն: ԴԱՀԿ-ը մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի տված պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.06.2013թ. տրված թիվ ԵԿԴ 1227/03/13 կատարողական թերթի համաձայն պետք է՝ «Բաղդասար Խալաթյանից հօգուտ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բռնագանձել 173 հազար 400 ՀՀ դրամ: Բռնագանձել նաեւ 8.670 ՀՀ դրամ, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս»: Օգոստոսի 12-ին ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է թիվ 01/02-5206/13 կատարողական վարույթը եւ պարտապանին պատկանող գույք եւ դրամական միջոցներ հայտնաբերելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, հարցումներ են կատարվել Անշարժ գույքի կադաստր, Պետ. ռեգիստր Դեպոզիտարիա, Հարկային, Մաքսային, Պետավտոտեսչության մարմիններին, ինչպես նաեւ բոլոր առեւտրային բանկերին: Վերջիններից ստացված պատասխանների, ինչպես նաեւ կատարողական վարույթներով ձեռնարկված այլ միջոցների արդյունքներով, պարզվել է, որ պարտապան Բաղդասար Խալաթյանին պատկանող եւ բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոցներ առկա չեն: Հետեւաբար ` թիվ 01/02-5206/13 կատարողական վարույթը հարկադիր կատարողի հոկտեմբերի 14-ին կայացված որոշմամբ ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, այն է`պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել եւ հարկադիր կատարողի` սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը եւ (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված`օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Պարտապան Բաղդասար Խալաթյանին պատկանող եւ բռնագանձման ենթակա գույքի կամ դրամական միջոցների կամ այլ եկամուտների առկայության վերաբերյալ որեւէ նոր տեղեկատվություն ԴԱՀԿ ծառայություն առ` հոկտեմբերի 25-ի դրությամբ մուտք չի եղել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20 օր է, ինչ 4 քաղաքացիներ, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է, գիշերում են Բավրայի անցակետում, քանի որ մաքսակետում նրանց մեքենան վերցրել են եւ ոչ մի պատասխան չեն տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը: Նա պատմել էր, որ իր մեքենան վերանորոգելու նպատակով սեպտեմբերի 29-ին արդեն մուտք են արել Հայաստան եւ իր խնդրանքով մեքենան վարել է իր ընկեր Բաղդասար Խալաթյանը: «Ներս մտնելուց կարմիր լույս չի տվել, բայց դուրս գալիս` հոկտեմբերի 3-ին, կարմիր լույս տվեց: Ընկերս, ով իմ երաշխավորագրով վարում էր մեքենան, 2000-ին պետությանը մեքենայի մաքսազերծման գումար էր պարտք, բայց 2003թ-ից սնանկ ճանաչեցին եւ գույքի վրա արգելանք դրեցին: Հիմա ես խնդրել էի, որ իմ երաշխավորագրով իմ մեքենան վարի, բայց այսօր իմ մեքենայի վրա արգելանք են դնում: Մեքենան փաստացի իմ անունով է գրանցված ու ոչ մի հիմնավորում ու հստակ պատասխան չեն տալիս»,- դժգոհել էր Վրաստանի քաղաքացին:
Հրապարակումից հետո Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել էր NEWS.am-ի հրապարակմանը՝ նշելով, որ Բավրայի անցակետում ձեւակերպում չստացած ավտոմեքենան սեպտեմբերի 29-ին «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հանրապետություն է ներմուծվել Հայաստանի քաղաքացի Բաղդասար Խալաթյանի կողմից: Վերջինիս կողմից կատարվող մաքսային ձեւակերպումները կասեցվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 30.09.2013թ. 01/02-5206/13 գրության հիման վրա: Տվյալ կասեցումը կիրառվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից «Հայռուսգազարդ» ընկերության պահանջով` ընդդեմ քաղաքացի Բաղդասար Խալաթյանի դատարան ներկայացված հայցով»:
Ինչից հետո էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը հայտնեց, թե Բավրայի մաքսային կետի ղեկավար Արթուր Կարապետյանը իրենից 2 միլիոն 200 հազար դրամ է պահանջել մեքենան հետ վերադարձնելու համար: «Ձեր հրապարակումից հետո գոնե կանչեին, մեքենան հետ տային, նման պահանջ ներկայացրեցին: Ես սպասում եմ, որ օրինական կարգով իմ մեքենան վերադարձնեն: Հակառակ դեպքում գնալու եմ եւ Վրաստանի դեսպանատնից փաստաբան խնդրեմ եւ հայց ներկայացնեմ Բավրայի անցակետի դեմ»,- ասել էր Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը:
Այդուհանդերձ, խիստ զարմանալի է, որ հոկտեմբերի 14-ին ԴԱՀԿ-ն որոշում է դադարեցնել Խալաթյանի գույքի հետախուզումը, իսկ ՊԵԿ-ը, վկայակոչելով ԴԱՀԿ-ին, արգելանքի տակ է պահում վերջինիս ընկերոջ անունով գրանցված մեքենան:




























