Պետական գնումների ոլորտում հայտնաբերվել են թերություններ եւ կատարվել են փոփոխություններ: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը:

Մասնավորապես` խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչեւ 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների  դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը  չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի  շրջանակներում):  Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում  մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հավաստմամբ` այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում: 

Նա նաև տեղեկացրեց, որ մայիս ամսվանից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները` մանրածախ գնից ավելի բարձր գնով ապրանքների ձեռքբերումը կանխելու համար: