Պետության կողմից դեղերի գնման ոլորտում առկա չարաշահումները կանխելու նպատակով իրականացվել են որոշ ընթացակարգային փոփոխություններ: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը:
Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը եւ կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ: Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել է վերլուծական եւ վիճակագրական աշխատանքների իրականացումը:
Նշենք, որ դեղերի գնման ոլորտը պետգնումների համակարգում ամենավիճահարույցն է, ինչը հարուցում է բազմաթիվ դեղարտադրողների եւ ներմուծողների դժգոհությունը:




























