Նոր Նորքի 2-րդ եւ 3-րդ զանգվածների տարածքում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին անցկացված «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի բոյկոտի երթի ժամանակ ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Նախախորհրդարանի» քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարբերաբար հարձակվում էին երթի մասնակիցների վրա, փակում նրանց ճանապարհը, հայհոյում էին, վիրավորում, կաղիններ, քարեր եւ այլ առարկաներ էին շպրտում նրանց վրա, մինչդեռ ոստիկանությունը չտեսնելու ու չլսելու էր տալիս այդ հակաօրինական գործողությունները եւ անտեսում էր դրանք մատնացույց անող երթի մասնակիցների բողոքները:
Բացի այդ, ոստիկանությունը բավարար տարածություն չէր ապահովում երթի մասնակիցների ու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջեւ եւ թույլ էր տալիս, որ վերջիններս անարգել կերպով թափանցեն երթի մասնակիցների շարքերը եւ նրանց հետ փորձեն բախումներ հրահրել:
Բախումներից հնարավոր եղավ խուսափել միայն երթի մասնակիցների զսպվածության եւ ինքնատիրապետման շնորհիվ»:
Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Փակ շուկայի» խնդրով իր ամենօրյա ակցիան կսկսի Գայի արձանի մոտից ժամը 16:00-ին, մեկնարկը Մաշտոցի պուրակից ժամը 15:00-ին:




























