Հայ ժողովրդի համար լեզվի խնդիրը կարեւոր նշանակություն ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ընգծելով հայոց լեզվի առաջնայնությունը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ մյուս լեզուները հայերի համար գործնական նշանակություն ունեն շփումներ հաստատելու եւ զարգացնելու համար: «Երբ անհրաժեշտ է, մեր հայրենակիցները եւ ռուսերեն են սովորում, եւ անգլերեն, եւ ճապոներեն: Մեր անհանգստությունը վերաբերում է միայն մայրենի լեզվի պահպանությանը: Իսկ մյուս ժողովուրդների հետ կապերի հաստատումը ողջունելի է, օտար լեզուների իմացությունն արժանի է գովաբանման»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ ռուսերենի իմացությունը խորացնելու խնդրում կարեւոր է հարցը, թե որքանո՞վ է դա բխում մեր ազգային, հասարակական եւ պետական շահերից: «Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումը բավականին բարձր մակարդակի վրա է, սակայն, եթե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում զարգացնել ռուսաց լեզուն, ինչպես օրինակ վարվում են Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները, լրացուցիչ միջոցներ ու ծրագրեր են անհրաժեշտ: Կարծում եմ, առաջին հերթին պետք է Ռուսաստանում վերապատրաստվելու միջոցով բարելավել հայ ուսուցիչների որակավորումը», - ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին որոշում էր կայացվել, որ ազգությամբ հայ ՀՀ քաղաքացի երեխաները պետք է հաճախեն միայն հայկական դպրոց, քանի որ օտար լեզվով կրթություն ստացող երեխայի լեզվամտածողությունը հայերեն չէ:

2010-ին կառավարության նախաձեռնությամբ, փոփոխություններ են կատարվել օրեսդրության մեջ եւ մասամբ հանվել է այդ արգելքը, ինչը բուռն քննարկումների ու հակազդեցության առիթ էր տվել հասարակության շրջանում: