Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն», «ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ների հետ նախաձեռնությամբ, հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը քրեական արդարադատության համակարգում» ձեռնարկի շնորհանդեսը:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաեւ արդարադատության համակարգում առկա սոցիալական աշխատանքի վիճակին ու զարգացման հեռանկարներին՝ Հայաստանի Հանրապետությունում պատիժների կատարման համակարգի բարեփոխումների համատեքստում: Միջոցառմանը ներկա IRZ (Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը խոսել է իրականացված ծրագրի, կազմակերպության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում հրատարակված ձեռնարկի մասին, որի նպատակն է աջակցել պատիժների կատարման համակարգում ընթացող բարեփոխումներին:
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը ներկայացրել է բարեփոխման բաղադրիչները` առկա իրավական ակտերի նախագծերը եւ կարեւորել մասնագիտական գրականության առկայությունը համակարգի մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ նա ներկայացրել է որոշ մանրամասներ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության, զարգացման ընթացքի եւ նոր ծրագրերի մասին





























