Հայաստանն ու Լիբանանը շարունակելու են զարգացնել եւ խորացնել երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական գործակցությունը: Այս մասին նշվել է հոկտեմբերի 24-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում ՀՀ դեսպանը Նաբիհ Բըրրիին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Կողմերը վերահաստատել են երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ հոկտեմբերի 7-ին Ժնեւում Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը:
Կողմերը ընդգծել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ գործարար համաժողովների անցկացման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:





























