Կոսովոն գրեթե անկախության է հասել, եւ Ալբանիան այժմ հանդես է գալիս ղարաբաղյան հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու օգտին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ անդրադառնալով Ալբանիայի արտգործնախարարի հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Սա Արեւմուտքի երկրների ու դրանց խամաճիկների, ինչպես օրինակ Ալբանիան է, կրկնակի չափանիշներն են. դրանք բոլորովին անսկզբունքային մարդիկ են: Երբ իրենք անձամբ պաշտպանում էին Կոսովոյի անկախությունը, նրանք հանդես էին գալիս ազգերի ինքնորոշման տեսակետից»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով՝ այդ շրջանում Ալբանիան ամեն կերպ կոչ էր անում ՆԱՏՕ-ին ռազմական աջակցություն ցուցաբերել կոսովացիներին: «Այժմ մենք տեսնում ենք, որ Կոսովոն գրեթե ամբողջությամբ անկախության է հասել, եւ նրանք հանգիստ, առանց խղճի խայթ զգալու, հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ ղարաբաղյան հարցի լուծման օգտին»,- հայտարարել է քաղաքագետը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ, հնարավոր է, նրանք հայտնի մահմեդական համերաշխություն կցուցաբերեն՝ ցանկություն ունենալով Ադրբեջանի կողմից տնտեսական արտոնություններ ստանալ:
Նշենք, որ Ալբանիայի կառավարությունը, ի դեմս արտգործնախարար Դիտմիր Բուշատիի, հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությամբ՝ աջակցելով ղարաբաղյան հարցի միայն խաղաղ ճանապարհով լուծմանը՝ միջազգային իրավունքի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում՝ կոչ անելով Հայաստանին իր զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանից «օկուպացված» տարածքներից:





























