Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում իր որդեգրած արտաքին քաղաքական կուրսին եւ չի շեղվի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման ուղուց: Այս մասին «Նովոստի Գռուզիա» գործակալությանը հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ:
Լուկաշենկոն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է, որպեսզի Վրաստանը վերադառնա ԱՊՀ կազմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Երեւի Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է ելնելով նրանից, որ Մինսկում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների նիստը: Իրականում մեր դիրքորոշումն անփոփոխ է, մեր արտաքին կուրսը եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումն է: Դա վրաց ժողովրդի ընտրությունն է, եւ երկրի կառավարությունը հավատարիմ է այդ կուրսին»,-ասել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի քննարկում ԱՊՀ վերադառնալու հարցը, սակայն մտադիր է խորացնել հարաբերությունները ԱՊՀ բոլոր երկրների հետ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու մասին հայտարարել էր այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2008-ին ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո:





























