Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին դեռեւս չի կարող ասել, արդյոք կների՞ Վովա Հարությունյանին, որը պատիժ է կրում ԱՄՆ արդեն նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է հոկտեմբերի 24-ին, «Կավկասիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իհարկե, այդ հարցը ուսումնասիրություն է պահանջում եւ ես այսպես անգիր չեմ կարող պատասխանել SMS հաղորդագրություններին, բայց քանի՞ մարդու է ազատ արձակել այս իշխանությունը: Նման նախադեպ, կարծում եմ, չի եղել մարդկության պատմության մեջ: Տեսեք, թե դա ինչ լավ է աշխատել, մի կողմից գաղափարախոսություն է, մյուս կողմից՝ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանցավորության մակարդակը կտրուկ նվազել է»,-հայտարարել է Մարգվելաշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:





























