Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրների առջեւ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընտրություն կատարելու հարց չի դրվել: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Արեւելյան գործընկերություն» նախագիծը ուղղված է Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Բելառուսի հետ ԵՄ-ի քաղաքական եւ տնտեսական մերձեցմանը:
«Բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե ում հետ են ցանկանում առեւտրային պայմանագրեր կնքել եւ որ տնտեսական բլոկի մաս կազմել: Խոսքը Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության մասին չէ»,-ասել է Շուլցը՝ վստահություն հայտնելով, որ ԵՄ-ի հետ սերտ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները կբարելավեն արեւելյան հարեւանների հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Դա բխում է բոլորիս շահերից»,-ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ կստորագրվի ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը: Այդ հարցում միակ խոչընդոտը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտարկությունն է:





























