Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից զոհված 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների քույրը՝ Էմմա Հակոբյանը, որոշել է կատարել եղբոր վերջին ցանկությունը` եկեղեցի կառուցել:

Էմման ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է միահամուռ ուժերով գումար հավաքել, որպեսզի կարողանան իրագործել Էդգարի երազանքը: «Եղբորս վերջին ցանկությունն էր կառուցել եկեղեցի: Բացվել են հաշվեհամարներ եղբորս ցանկությունը իրագործելու համար: Բոլորս միահամուռ ուժերով կկատարենք երազանքդ, Էդգարս»,- գրել է զոհվածի քույրը:

NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի մայրը՝ Աննան, պատմել էր, որ արդեն տեւական ժամանակ Էդգարը մորը համոզում էր եկեղեցի կառուցել։ Մոր առարկություններին, թե այդքան գումար չունեն, Էդգարը պատասխանել էր, որ եթե իրենք որոշեն, եկեղեցու կառուցման համար գումար կգտնվի։

Եկեղեցի կառուցելու համար բացված հաշվեհամարներն են` AMD 24122003954900 USD 24122003954901 EUR 24122003954902։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, երեքի վիճակը ծանր է: