Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, քիչ առաջ մեկնարկել է Հայոց Համազգային շարժման վերականգնման հիմնադիր համագումարը (ֆոտոռեպորտաժ)։
Մինչ համագումարի մեկնարկը ՀՀՇ-ի վերածնման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համագումարին ներկա կլինեն իրենց համախոհները, հրավիրվել են նաեւ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ։
Համագումարը մեկնարկել է Հայաստանի հիմնի հնչյունների ներքո, որից հետո մի երիտասարդ շեփորով հնչեցրել է Հայաստանի անկախության հիմնը։
Այսպես, համագումարին գրանցվել է ավելի քան 200 պատվիրակ։ Համագումարին «Ժառանգություն» կուսակցությունից ներկա են Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետության» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւ այլք: Հրավիրել են նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին, ՀԺԿ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, ով սակայն տեխնիկական պատճառներով ներկա չէր, սակայն ներկայացուցիչ էր ուղարկել։ Համագումարին չեն հրավիրել ՀՀՇ նախկին անդամ, այժմ ՀԱԿ անդամ դարձած գործընկերներին։
Համագումարի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր՝ առաջադրումներ, ծրագրի եւ կանոնադրության հաստատում, վարչության կազմի հաստատում եւ այլն։
Նշենք, որ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո, նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը եւ գրանցել այն Արդարադատության նախարարությունում: Նրանք հայտարարել էին, որ մինչեւ աշուն կգրանցեն կուսակցությունը եւ համագումար կանցկացնեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























