Անակնկալ շրջադարձ Եվրոպայում լրտեսական սկանդալում. պարզվել է, որ եվրոպացի ղեկավարներին հետեւում են ոչ միայն հատուկ ծառայությունները օվկիանոսից այն կողմ, այլ նաեւ Մոսադի գործակալները: Սենսացիոն հոդվածը հրապարակել է ֆրանսիական Le Monde թերթը:
Խոսքը վերաբերում է 2012թ.-ի մայիսին տեղի ունեցած պատմությանը: այն ժամանակ Ելիսեյան պալատում հայտնաբերել են համակարգիչներին հետեւող սարքավորում: Դա տեղի է ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է ՆՏՎ-ն:
Պարբերականը վկայակոչում է ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների նամակագրությունը ֆրանսիացի գործընկերների հետ: ԱԱԳ-ն պնդում է, որ ձայնագրող սարքերի տեղադրման հետ կապ չունի ԱՄՆ-ի, Բրիտանիայի կամ Կանադայի եւ ոչ մի գերատեսչություն ու զգուշորեն ակնարկում է իսրայելական հետախուզությանը:
Այս լուրերը հայտնվել են Էդվարդ Սնոուդենի աղմկահարույց բացահայտումների ֆոնի վրա: ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը, ով նահանգներից փախել էր Հոնկոնգ, իսկ այժմ Ռուսաստանում է, պատմել էր ողջ աշխարհին, թե ինչպես էր ԱԱԳ-ն գաղտնալսում աշխարհի 35 առաջնորդների հեռախոսային խոսակցությունները:





























