ՄԱԿ-ը Հայաստանում հաստատված սիրիահայ փախստականների համար պարենային ծրագիր է նախատեսում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն: Ծրագիրը կմեկնարկի մոտակա շաբաթներում, հավելել է նա:
Բուսետտոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը փորձում է սիրիահայերին նյութական մեծ աջակցություն ցուցաբերել: «Մենք այդքան կենտրոնացած չենք ինտեգրացման ծրագրերի վրա. կառավարությունը բավականաչափ աշխատանք է կատարել Սիրիայի փախստականների համար, որոնք Հայաստանում արդեն 11 000 են: Նրանք դյուրացնում են մեկնումը Հայաստան, օգնում են քաղաքացիություն ստանալ: Ուստի մեր աշխատանքի հիմնական նպատակը տարրական օգնության ցուցաբերումն է: Անցյալ ձմռանը սիրիահայ ընտանիքներին օգնեցինք ջերմամեկուսիչ նյութերով, որպեսզի ձմեռը հեշտ անցներ»,- նշել է Բուսետտոն:
Նոր ծրագրի համակարգողը կլինի Հայաստանում փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիթը:





























