Արդարությունն ունենում է երկու թամբ, արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն՝ ուզած ուղղությամբ. ես խորապես համոզված եմ, որ այն գործընթացը, որը դուք նորից սկսել եք ոչ միայն քաղաքական է, այլեւ արդար, բարոյական եւ շիտակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ վերականգնման համագումարին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«ՀՀՇ կուսակցության վերականգնման որոշումը նորի սկիզբ է, նաեւ վերադարձ երրորդ հանրապետության ստեղծման ակունքները ։ Չեմ կարող չնկատել, թերեւս, որ այս դահլիճում քիչ չեն մարդիկ, ում համար երրորդ հանրապետության պատմությունը սեփական կյանքի պատմությունն է։ Նրանց պետք չէ պատմել, թե ինչն ինչպես եղավ։ Մեր բոլոիս նպատակը մեր երկրում իրական համակարգային փոփոխությունների հասնելն է։ Վաղուց արդեն եկել է գործելու ժամանակը»,- ասաց Արամ Սարգսյանը։
Հաջորդ ելույթ ունեցողը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էր։ Նա նշեց, որ իրենց գործընկերները այսօր ստիպված են վերաբացելու ՀՀՇ կուսակցությունը, հաջողություն մաղթեց քաղաքական նոր ընթացքի հին ընթացքը շարունակելու մեջ, հույս հայտնեց համագործակցության, եւ այն սկզբունքայնության շարունակմանը, որ ունեցել են 1998թ-ից հետո։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւս շնորհավորեց ՀՀՇ-ին։ Նա համաձայնեց Արմեն Մարտիրոսյանի հետ, որ ՀՀՇ-ն հակասական կենսագրություն ունի։ Նախկինում լինելով ՀՀՇ անդամ՝ նա կարեւորեց ՀՀՇ ներդրումը Հայաստանի երրորդ անկախության կայացման գործում։ Նա կարծիք հայտնեց, որ համատեղ կարող են երկիրը դուրս բերել ճգնաժամից եւ հաստատել սահմանադրական կարգը։
Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն իր ելույթում շեշտեց, որ հակապետականություն է, երբ խանդով է ընդունվում որեւէ կուսակցության ծնունդ, ամեն նորի պարագայում ուզում է հուսալ, որ հենց նորը կարող է դառնալ բազում կանչվածներից մեկը, որը նվազագույնը չի վնասի պետական շահերին։ Նրա խոսքով՝ դժվարին ժամանակներ են հայաստանյան կուսակցությունների համար, Հայաստանում անելիքներ շատ կան, բոլոր կուսակցություններին կբավարարի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























