Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը: Երեւանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է եւս մեկ անդամով, ով սահմանված ժամկետում դիմել էր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու խնդրանքով: Հանձնաժողովի 37 անդամից նիստին մասնակցել է 25-ը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատված Երեւան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձեւավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի եւ մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով:
Հաշվարկը մանրամասնորեն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք հանդիսացած ինչպես օրենդրական եւ իրավական հիմնավորումը, այնպես էլ ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմներն ու մեթոդները:
Հաշվարկը ներառել է վառելիքային, շարժիչի յուղի եւ քսանյութերի, տեխնիկական սպասարկման եւ նորոգման, անվադողերի եւ մարտկոցի փոխարինման, ինչպես նաեւ ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Հաշվարկում ներառվել են նաեւ ինչպես վերադիր, այնպես էլ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի ու հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները: Ներկայացված հաշվարկի յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ արտահայտվելու, կարծիքներ հայտնելու եւ առաջարկներ անելու հնարավորություն է ընձեռնվել հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնցից ելույթ ունեցողները, սակայն, քննարկվող հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմնավորված եւ փաստարկված առաջարկ չեն ներկայացրել: Այդուհանդերձ, որոշվել է հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանի կողմից վառելիքի բաղադրիչի մասով արված առաջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել եւ ստացված արդյունքի համեմատությունից հետո միայն վերջնական եզրահանգման գալ:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված բաղադրիչների հիման վրա ձեւավորված Երեւան քաղաքում միկրոավտոբուսով եւ ավտոբուսով ուղեւորափոխադրման ծախսերի հաշվարկը, որը, ինչպես հանձնաժողովի նախագահն է նշել, կարող է նաեւ որոշակի փոփոխությունների ենթարկվել:




























