Հայաստանում վերջին ժամանակների բոլոր ընտրություններում գործել է համակարգ, որը ղեկավարվել է Մոսկվայից, եւ դրա վկայությունն է թե 2003թ․նախագահական ընտրություններից հետո երկրորդ ուժին չմիանալու եւ նրա հնարավորությունները փոքրացնելու փաստը, թե 2008թ․նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժի քաղաքացիական գործընթացներին չմասնակցելը եւ առավել եւս մարտի 1-ից հետո իշխանության հետ կոալիցիա կազմելը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ վերակազմավորման համագումարին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության ներկայիս վիճակին, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի ներսում գործող ռուսական ուժերը շատ համակարգված են գործում ժողովրդավարական, ընդդիմադիր ուժերի դեմ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ընդդիմությունը նույնպես պետք է ստեղծի մի համակարգ, որը կկարողանա մրցակցել ռուսական համակարգի դեմ։ «Գործընթացը, որը պետք է կազմակերպվի, պետք է ռեալ արդյունք ունենա։ Հանրահավաք՝ հանուն հանրահավաքի, անիմաստ է։ Մարդն, ով գալիս է հանրահավաքի, հստակ տարբերվում է թերթ կարդացողից կամ համացանցից օգտվողից։ Նա իր տեղից վեր է կենում եւ գալիս է հրապարակ՝ հարցնելու, թե դուք ինչ եք անելու, ուստի մենք պետք է պատրաստենք մեր անելիքը, որպեսզի այն ունենա արդյունք»,- ընդգծեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։
Նա ասաց, որ քաղաքական դաշտում այսօր կան ուժեր, ում համար Հայաստանի անկախությունը գերակա արժեք է եւ չեն ուզում իրենց որոշումները կայացնել այս կամ պետության ազդեցության տակ։ Ա․Սարգսյանի խոսքով՝ անելիքները միասնական են լինելու, եւ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի լիբերալ ուժերի միասնականությունն իրականություն դառնա։
Դիտարկմանը, թե Դուք հայտարարել էիք, որ գրավելու եք փողոցը, Ա․Սարգսյանն արձագանքեց. «Դուք խեղաթյուրում եք իմ խոսքերը։ Ես ասել եմ, որ ՀՀ բնակչության թվից միայն 131-ն է, որ մտնում է Ազգային ժողով, մյուսները մնում են փողոցում, եւ ես գերադասում եմ նրանց հետ մնալ փողոցում»։ Նա հայտարարեց, որ շարունակում է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն, ինչպես պահանջել է Ռոբերտ Քոչարյանինը՝ սկսած 1999-ից, երբ ինքը երկրի վարչապետն էր։ Նա նաեւ հիշեցրեց, որ երկու անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, բայց հրաժարվել է մանդատից, որովհետեւ համարել է, որ խորհրդարանը գործադիր իշխանության դակիչ մարմինն է։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























