Ինձ որեւէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցելիս, որեւէ այդպիսի փաստ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ իշխանհությունների հետ սեղան նստելու մասին խոսակցություններին:
«Ավելին՝ ես խնդիր էլ չեմ դրել նրանց հետ լեզու գտնել կամ ընդհանուր հայտարարի գալ: Իմ խնդիրը եղել է մեկն՝ այս երկրում ժողովրդի քվեով ձեւավորել ժողովրդին հաճո իշխանություն»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե դուք Ձեր տանը չե՞ք հյուրընկալել իշխանության ներկայացուցիչներին, Արամ Սարգսյանը պատասխանեց․«Իշխանության ներկայացուցիչներն այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ հայրն ու մայրը։ Նրանք Վազգենի հետ երկար ճանապարհ են անցել, եւ նրանց իրավունքն է Վազգենի տուն գալը, եւ որեւէ մեկն իրավունք չունի նրանց այդ տանից դուրս վռնդելու։ Ովքեր կգան, բարով գան, իսկ ձեր մոտեցումը ես համարում եմ հակամարդկային, ուղղորդված, քաղաքական եւ չար»։





























