Մենք պնդում ենք Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ հոկտեմբերի 10-ին արված մեր հայտարարությունը: Միաժամանակ, այդ հայտարարությունը կասկածի տակ չի դնում ընտրությունների արդյունքները: Այս մասին APA TV-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ը ճանաչո՞ւմ է Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը:
«Իլհամ Ալիեւը անցկացրեց երդմնակալության արարողությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությանը՝ մի շարք հարցերի հետ կապված: Այդ հարցերի շարքում ներառված են ժողովրդավարությունը, ԼՂ խնդիրը, աշխարհաքաղաքական հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկայի եւ տնտեսության դիվերսիֆիկացիան»,-հայտարարել է դեսպանը:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների գնահատականը հրապարակելուց հետո հավանականություն է առաջացել, որ Ադրբեջանը կլքի այդ կառույցը, դեսպանն արձագանքել է. «Մենք մեծ հույս ունենք, որ Ադրբեջանը կշարունակի աշխատանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Միաժամանակ, մենք հույս ունենք, որ Ադրբեջանը քայլեր կձեռնարկի երկրում ժողովրդավարական սկզբունքների եւ արժեքների պահպանության եւ աջակցության ուղղությամբ»:
Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցող միջադեպերին, Մորնինգսթարը նշել է, որ շատ կարեւոր է, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը խուսափեն քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճի:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կհայտնվեն նոր հնարավորություններ ի հայտ կգան ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Մենք մեծ հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգի գլխավոր մասը երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելն է»,-ընդգծել է ԱՄՆ դեսպանը:





























