Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում եւ չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հայտարարել է  Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարոթյունը.

«Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում եւ արգելված է եղել անգամ լրատվամիջոցների եւ կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը:

Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում: Մասնավորապես` ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատությունում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց եւ հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար:

Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, եւ վերջապես` ընտրությունները անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում: Օլիմպիական կարեւորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների, որպես հասարակական կառույցների անկախություն  եւ գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջն է: Խախտումների շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել, սակայն կարծում ենք այսքանն էլ բավարար է: Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են Միջազգային օլիմպիական կոմիտեի սկբունքներին եւ օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություններ անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական ոլորտում: Ինձ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցկացված ընտրության հետ կապված:

Անձնապես՝ որպես ՀԱՕԿ ներկայացուցիչ,  ցավ է ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող ենք ասել, որ որեւէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:

Ուզում ենք ընդգծել` ՀԱՕԿ-ը չի դրել եւ չի դնելու որեւէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման եւ միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է: Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»:

Հիշեցնենք, որ Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ , Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր.«Եղել է տղամարդկային բանավեճ՝  կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: