Արդարադատության նախարարությունը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված տվել է պարզաբանում եւ այս պահին այդ հայտարարությանն ավելացնելու որեւէ նոր բան չունեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը՝ անդրադառնալով՝ ՀԱՕԿ-ի Վոլեյբոլի ֆեդերացիայի արդյունքները չճանաչելու մասին հայտարարությանը:

Մեկնաբանելով մեղադրանքները՝  նա պարզաբանեց, որ ընտրության օրը նիստը տեղի է ունեցել ԱԱԽ շենքում մեկ պարզ պատճառով: «Վոլեյբոլի ֆեդերացիայի դահլիճը շատ փոքր է, 10 մարդ հազիվ է տեղավորվում, իսկ մեր դահլիճը բավականին մեծ է, հարմարավետ է, որպեսզի մարդիկ նորմալ պայմաններում կարողանան աշխատել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նիստի փակ, գաղտնի անցկացվելուն, երբ արգելվել է լրատվամիջոցների ներկայությունը, մամուլի քարտուղարը նշեց, որ »իրականում ոչ մի լրատվամիջոց հրավիրված չի եղել, որ ինչ-որ մեկի մուտքն արգելված լինի կամ՝ ոչ, իսկ եթե որեւէ մեկը ցանկանում էր լուսաբանել, եթե նա դիմեր նախապես՝ սահմանված ընթացակարգով, հնարավորություն կստանար լուսաբանելու այդ նիստը»: Նա մեկնաբանեց նաեւ ՀԱՕԿ-ի հայտարարության մեջ առկա այն պնդումը, թե նիստին հնարավորություն չեն ունեցել մասնակցել նաեւ կոնֆերանսի մասնակիցները: Արթուր Միսակյանը շեշտեց, որ եթե անձը նախապես ընտրված լիներ կոնֆերանսի պատվիրակ, մուտք կունենար, կմասնակցեր միջոցառմանը, ով է ասել, որ նրանք եղել են կոնֆերանսի մասնակիցներ, նման բան չի եղել, որ կոնֆերանսի պատվիրակը գա եւ ներս չթողնեն:

Ինչ վերաբերում է Վոլեյեբոլի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից հետ կանչելուն,  Արթուր Միսակյանը նշեց, որ իրենք կհետեւեն հետագա զարգացումներին եւ կանդրադառնան:

Հիշեցնենք, որ Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ , Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր.«Եղել է տղամարդկային բանավեճ՝  կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրը իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

ՀԱՕԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ չի ընդունում եւ չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները, դրանք անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»: