Տնտեսագիտական վերլուծությունների համաձայն՝ Հայաստանում ստվերային տնտեսությունը ՀՆԱ-ի մոտ 30-35%-ն է, իսկ որոշ գնահատականներով՝ մինչեւ 40%-ը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նա նշեց, որ ստվերային տնտեսության կրճատման նպատակով կառավարությունը ձգտում է մեծացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ու վերջին 5 տարում այդ հարաբերակցությունն աճել է 3,2%-ով:
Նշենք, որ 2014 թ. բյուջեի նախագծով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 23.12%-ը` 2013 թ. համար ծրագրավորված 23.06%-ի եւ 2012 թ. փաստացի 21.89%-ի դիմաց: Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ 2014 թ. փոքր ու միջին բիզնեսի վրա հարկային լրացուցիչ ծանրաբեռնվածություն չեն ստեղծի:





























