Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) դարձել է UWC-ի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan:

Աշակերտների ընդունելությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ից` 140 երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների միջոցով:

«Դիլիջանի միջազգային դպրոցն ուրախ է տեղեկացնել UWC-ին իր անդամակցության մասին: UWC Dilijan-ը մտադիր է 2014 թ-ի սեպտեմբերին ընդունել ավելի քան 90 աշակերտների 45 երկրներից», - ասել է DIS-ի ղեկավար Ջոն Պադեֆութը:

Ջոն Պադեֆութը եղել է Մեծ Բրիտանիայի Իթոն քոլեջի փոխտնօրենը եւ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում հիմնադրել է Ագա Խանի Ակադեմիան:

«Մենք ոգեւորված ենք Միացյալ Համաշխարհային Քոլեջների ցանցին Դիլիջանի միջազգային դպրոցի միանալու փաստով», - ասել է UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Քեյթ Քլարքը եւ հավելել. «Տեղակայումը Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում եւ հարուստ պատմությունը Հայաստանը կատարյալ վայր են դարձնում UWC դպրոցի համար:

«Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ»- - ասել է Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Դիլիջանի միջազգային դպրոցում 2023-ին կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով: