Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միջնորդել է քննել դատավոր Աիդա Հովհաննիսյանի վարքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:

«Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու մասին: Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները եւ արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքներով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության եւ ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ եւ սպառիչ տեղեկություններ»,- ասված է հայտարարության մեջ: