Իշխանության այն ներկայացուցիչը, ով բավարարված է երկրում աղքատության 35% մակարդակից, կարող է «փասա-փուսեն հավաքի գնա այս երկրից»: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, նման հայտարարություն արեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ երկրում աղքատության ու կոռուպցիայի բարձր մակարդակը մտահոգիչ է բոլորի համար:

Կառավարության հրաժարականի մասին էլ Է. Շարմազանովն ասաց. «Կառավարությունը հրաժարական կներկայացնի, թե չէ՝ ապագայի հարց է: Հիմա բոլորս աշխատում ենք իրավիճակը բարելավելու համար: Դանդաղ, բայց բարելավում ենք»; Դիտողությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջեւ առաջադրանք էր դրել ապահովել ՀՆԱ 7% աճ, սակայն բյուջեի նախագծով կախատեսվում է ընդամենը 4,1% աճ, Է. Շարմազանովն ասաց, որ Ս. Սարգսյանի առաջադրանքը քաղաքական պատվեր էր, նշաձող: Իսկ թե ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում այդ պատվերն ի կատար ածել, Է. Շարմազանավոը պատասխանեց, թե հարկավոր է վերլուծել բոլոր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները: