2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում իրականացվող փողոցների ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքների հիմնական մասն ավարտված է՝ քաղաքապետի հանձնարարությամբ խստորեն հետեւելով պատշաճ որակի ապահովմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է

շինարարության եւ բարեկարգման վարչության պետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են գազիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 16-րդ թաղամասի շենքերի գազաֆիկացման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ եւս 8 շենքում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները եւ շենքերը պատրաստ են գազիֆիկացման:

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության, հանրակրթության վարչությունների եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շարունակվում է սիրիահայ  սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել ծրագիրը եւ, նոր խնդիրներ ի հայտ գալու դեպքում, օպերատիվ կերպով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Բացի այդ, Երեւանում շարունակվում են ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես հանգստյան օրերին հնարավոր դեպքերի արձանագրմանը եւ այդ մասով   սահմանել մշտական հսկողություն: