Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնել է շնորհակալագրեր: «Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով:

Մանկավարժի, ուսանողի եւ աշակերտի համար մեր պետության, համայնքի եւ հարազատ  քաղաքի տոնը, ինչպես նաեւ խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,- շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը:   Անցնելով խորհրդակցությանը ՝ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ի թիվս կրթական այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի գործառույթների փոփոխությանը: ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Լիլիթ Արզումանյանին  նախարարը հանձնարարել է  առաջիկա ամսվա ընթացքում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումն ու սկսել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am