Հայաստանի Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, միջադեպ է տեղի ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջեւ:

Երբ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացնում էր ուժային կառույցների ֆինանսավորման հարցերը, գեներալ Մանվել Գրիգորյանն ու մի քանի այլ պատգամավորներ համառորեն սկսեցին ճշտել, թե զինվորականներն ինչ աշխատավարձ են ստանալու: Պ. Սաֆարյանը, նրանց պահանջին ընդառաջ գնալով, սկսեց ներկայացնել ոստիկանության բարձրաստիճան անձանց աշխատավարձերը, եւ ասաց, որ բարձրագույն սպաների աշխատավարձը 443 հազ. դրամից հաջորդ տարվա կեսերից կբարձրանա մինչեւ 610 հազ. դրամ: Սակայն Է. Շարմազանովը միջամտեց եւ ասաց, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել, չարժե այդ մասին հիմա խոսել:

Է. Շարմազանովի այս միջամտությունը հարուցեց նիստին ներկա Մ. Գրիգորյանի զայրույթը; «Այ մարդ, ի՞նչ ես ուզում, մենք ենք հարցնում…»,- ասաց Մ. Գրիգորյանը:

Հետո, երբ Պ. Սաֆարյանը սկսեց ավելի մանրամասնել աշխատավարձերը, գեներալը կրկին բարկացավ. «Այ մարդ, ընենց թվեր ես ասում, որ ամերիկացիք գլուխ չեն հանի»: