Պռոշյան գյուղի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը, գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետոյանի համոզմամբ, միմիայն քաղաքական ենթատեքստ ունի։ «Նրան սպանել են՝ նրա աթոռին հասնելու համար»,- հոկտեմբերի 28-ին լրագրողներին ասաց Պետոյանը։
Պետոյանի խոսքով՝ ինքն ու գյուղապետարանի աշխատակազմը ճնշումների և ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով են հրաժարվել աշխատանքից և կարծում են, որ նոր գյուղապետը ինչ-որ կերպ կապված է Հրաչ Մուրադյանի սպանության հետ: Ըստ նրա՝ գյուղում այնպիսի մթնոլորտ է, որ ստիպողաբար աշխատանքից ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցած անձիք։ «Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Մուրադյան Հրաչի սպանությունը ունի քաղաքական ենթատեքստ, և սպանությունը որևէ այլ ուղղության վրա դնելն անիմաստ է»,- ասաց Լուսինե Պետոյանը:
«Կա հասարակական պահանջ և Պռոշյան համայնքի բնակչության, և մեր կողմից, որ այս սպանության բացահայտումը մեր պետության իրավապահ մարմինների պատվի գործն է, և դա չի կարող չբացահայտվել»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Աղվան Վարդանյանը պնդում է, որ Հրաչ Մուրադյանի գործը պետք է միացնել 2010թ. նրա հանդեպ իրականացված մահափորձի հետ, որը նույնպես դեռ չի բացահայտվել և իրականացնել համալիր քննություն:
Հրաչ Մուրադյանի եղբոր տղան` Հակոբ Մուրադյանն ասաց, որ գյուղապետի սպանության բացահայտման գործը գնում է դեպի փակուղի, բայց եթե իրավապահ մարմինները լավ աշխատեն ու կամք ունենան, հաստատ գործը կբացահայտեն:
Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ քննչական մարմինը ծառայողական պարտքի հետ կապված մեղադրանք է առաջադրել Արայիկ Պետրոսյանին, սակայն փաստաբանը կասկածում է, որ սպանությանը այլ անձիք էլ են մասնակցել. «Փորձագետի եզրակացությունը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է՝ մեքենայի մեջ գտնվել են մեկից ավելի անձիք, եւ որ կրակողը ոչ թե վարորդն է եղել, այլ մեքենայի մեջ նստած մեկ այլ անձը»։
Փաստաբանը կոչ արեց քննչական մարմնին և պետությանը կատարել իր պարտականությունը և բացահայտել սպանությունը օբյեկտիվ, բազմակողմանի քննության արդյունքում. «Անկախ այն բանից, գործը մտել է դատական փուլ թե ոչ, որոշ ժամանակ անց արդյունքներ չտեսնելու դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Այսօր ՀՅԴ ԳՄ անդամները Հրաչ Մուրադյանի սպանության գործով հանդիպելու են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:





























