ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է ռուսական «Առաջին ալիքի» տարօրինակ հայտարարությունները՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընթացակարգին:

«Գագաթաժողովի արդյունքներն ու քննարկումներն արտացոլված են մամուլի հաղորդագրություններում, որոնք հասանելի են ՀՀ նախագահի եւ մյուս ղեկավարների պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ արտացոլված են փաստաթղթերում, որոնք ստորագրվել են գագաթաժողովի արդյունքում: Վերոհիշյալ մամուլի հաղորդագրություններն ու փաստաթղթերը միակ հավաստի եւ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներն են»,-հայտարարել է Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Առաջին ալիքի» մեկնաբանությունը:

Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, ապատեղեկատվության հեղինակ է դարձել ազգությամբ ադրբեջանցի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան: Օրերս Մինսկում կայացած գագաթաժողովի մասին մեկնաբանությունում նա ընդգծել է. «Մաքսային միությունն ի սկզբանե այնպիսի երկրների միություն է, որոնք հավասար պարտականություններ են կատարում: Ուստի Հայաստանի անդամակցության ցանկությանը պատասխանել են, որ առաջիկայում դա միայն ցանկություն էլ կմնա՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ չլուծված տարածքային խնդրի պատճառով»:

Մինչ այդ, հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն ու Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Միասնական տնտեսական  համագործակցությանը միանալու մասին», ինչպես նաեւ Հանրապետության՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցելու մասին հայտարարություն ու Հուշագիր՝ ՀՀ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխահարաբերությունները խորացնելու մասին: Ավելի վաղ հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Մենք աջակցել ենք Հայաստանի եւ Ղրղըզստանի՝ մեր ինտեգրացիոն նախագծին միանալու ջանքերը:

Պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել, որի առաջ խնդիր է դրված ամենակարճ ժամկետներում նախապատրաստել համապատասխան «ճանապարհային քարտեզ»: Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն ու Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Միասնական տնտեսական  համագործակցությանը միանալու մասին» փաստաթուղթը ուժի մեջ է մտել այն ընդունելուց հետո եւ «ենթադրում է համապատասխան աշխատանքային խմբի ստեղծում», որում ներառված կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ»: