Կիրակի օրը Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում կրկին դժբախտ դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Հայտնի դարձավ, որ չորս երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը ոսկու հանքում առկա թունավոր նյութերի պատճառով հենց հանքավայրում խեղդամահ է եղել։

Բազմաթիվ անգամներ մենք անդրադարձել ենք այն իրողությանը, որ Վարդենիս քաղաքի բնակիչները, չկարողանալով իրենց ամենօրյա հացը վաստակել, ստիպված մտնում են ոսկու հանք՝ գիտակցելով, որ, հնարավոր է, այնտեղից դուրս չգան։

Վ. Սաղաթելյանի դժբախտ դեպքը, ցավոք, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։

Բանն այն է, որ հանքն էլ, ըստ էության նորմալ չի գործում, եւ տարիներ առաջ անգամ Վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե։ Սա նշանակում է, որ Հայաստանի ընդերքը թալանվում է երկու ուղղությամբ՝ մասնավոր ընկերության եւ շարքային քաղաքացիների կողմից։

30-ն անց Վ. Սաղաթելյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Վարդենիս քաղաքում»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):