Հայաստանից բնակչության արտագաղթի ծավալները կարող են լրացուցիչ պատճառ հանդիսանալ, որպեսզի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ ֆրանսիական «Կարֆուրը», Հայաստանում հիպերմարկետ չհիմնելու վերջնական որոշում կայացնի։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի տեղեկություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա։ «Կարֆուրը» Հայաստանում՝ «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր դեռ մեկ տարի առաջ։ Սակայն ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով «Կարֆուրը» որոշեց հիպերմարկետ բացել այլ տեղում՝ դեռ կառուցվող «Երեւան մոլ»–ում։
Սա արդեն բացասական ազդեցություն է թողել հիպերմարկետը բացելու գործընթացի վրա։ Իսկ հիմա, ուսումնասիրելով Հայաստանից արտագաղթի իրական ծավալները, «Կարֆուրի» մասնագետները գտել են, որ բնակչության թիվը չի բավարարում իրենց նորմալ գործունեության համար։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան մեր թղթակցին հայտնել է, որ «Կարֆուրում», մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված չեն նաեւ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարով, քանի որ դրա արդյունքում էականորեն կփոխվի նաեւ ներկրվելիք ապրանքների համար այսօր գոյություն ունեցող մաքսային ռեժիմը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























