Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական գործընթացների ավարտից հետո կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրել է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ համանախագահների միջեւ գոյություն ունի համակարգվածության եւ փոխըմբռնման բարձրագույն մակարդակ: «Երբեմն գործընթացը շատ բարդ է լինում: Եվ դա միշտ չէ, որ կախված է համանախագահներից: Համանախագահները առաջարկում են մոտեցումներ, փնտրում են ուղիներ եւ հնարավորություններ: Սակայն որոշումը կախված է երկու կողմերից: Համոզված եմ, քան որ այստեղ էլ, մյուս երկրում էլ ավարտվել են ընտրական գործընթացները, բանակցությունների առաջխաղացման հնարավորություն կառաջանա: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, քանի որ հակամարտությունը ծանր բեռ է տարածաշրջանի եւ խանգարում  դրա զարգացմանը»,-ընդգծել է դեսպանը:

Ասոցացման մասին համաձայնագրին միանալու դեպքում ԼՂՀ կարգավիճակի մասին հարցը դեսպանի մոտ որոշակի թյուրըմբռնում է առաջացրել: «Չե պատկերացնում այդ երկուսի միջեւ կապը»,-ընդգծել է դեսպանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին, ապա դեսպանը չի մանրամասնել այցելության ժամկետները, սակայն ընդգծել է, որ միջնորդները սովորաբար տարածաշրջան են այցելում ընտրական գործընթացների ավարտից հետո:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու հնարավորության մասին, դեսպանն ընդգծել է, որ համանախագահները բազմիցս կարծիք են հայտնել դրա անհրաժեշտության վերաբերյալ: Սակայն կողմերն իրենք կորոշեն, թ եերբ է դրա համար հարմար ժամանակը:

Եվս մեկ հարց՝ կապված Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակի հետ, յուրօրինակ արձագանք է գտել: Անրի Ռենոն ընդգծել է, որ այդ նամակը չի կարդացել, քանի որ չի հետաքրքրվում այլոց նամակագրությամբ. «Սակայն համոզված եմ, որ կարգավորումը եւ բանակցությունները կախված չեն նամակից»: